Բեռնում...
Արաղչին Գուտերեշին հայտնել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իրավունքի մասին
27-03-2026 12:30 | Լուրեր

Արաղչին Գուտերեշին հայտնել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իրավունքի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իր երկրի օրինական իրավունքի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։Արաղչիի խոսքով՝ ներկայում Հորմուզի նեղուցում ոչ անվտանգ իրադրությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։Ըստ գործակալության՝ նախարարը նշել է, որ թշնամիներին և նրանց դաշնակիցներին պատկանող կամ նրանց հետ կապված նավերի տեղաշարժը կանխելը Իրանի՝ որպես ափամերձ պետության օրինական իրավունքն է։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի իրավասու մարմինները, գիտակցելով նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու իրենց պատասխանատվությունը, «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել»։Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ այդ վերջնաժամկետը հետաձգում է մինչև ապրիլի 6-ը։

Աղբյուր՝ AntiFake.am