Բեռնում...
ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին
26-03-2026 12:48 | Լուրեր

ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին

Ռուսաստանից դուրս եկած թուրքական ALTURA տանկերը, որը տեղափոխում էր 140 հազար տոննա նավթ, հարվածի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Սև ծովի բաց հատվածում և ուղեկցվել է հզոր պայթյունով։ Տանկերի կամրջակը վնասվել է։ Հաղորդվում է, որ նավի մեքենայական բաժանմունքը լցվել է ջրով։

Այն բանից հետո, երբ ԱԹՍ-ից հարված ստացած տանկերը օգնության ազդանշան է տվել, դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության ծառայությունները, ծովային անվտանգության ուժերը և Nene Hatun մասնագիտացված արտակարգ արձագանքման նավը:

Քանի դեռ շարունակվում են նավին օգնություն ցուցաբերելու աշխատանքները, իրավասու մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն այն մասին, թե արդյոք սա հարձակում էր, դեռևս չի ստացվել:

Հաղորդվում է, որ անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան, իսկ անձնակազմի 27 թուրք անդամների առողջական վիճակը գնահատվում է լավ:

Աղբյուր՝ AntiFake.am