Ընտրապայքարը դեռ չսկսած՝ գրեթե բոլորը խոսում են այն մասին, որ իրենց կամ բռնելու են կամ փակելու են
Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը գրել է.
«Այսօր քաղաքական մթնոլորտը նորից ցնցեց հերթական «գեոպոլիտիկ լուրը»՝ թոշակների ավելացում 10000 դրամով։ «Հզոր հանրությունը» այս էլ որ անգամ պայթեց և գոռաց. «Ընտրակաշա՜ռք»։ Համաձայնելով, որ ֆորմալ առումով կան համընկնումներ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի դիսպոզիցիայի հետ՝ միևնույն ժամանակ խիստ զարմանում եմ այն հուզական արձագանքից, որ տեղաց հայտարարությունից հետո։ Թուրքի դրածոն տիրապետում է քաղաքական պայքարի բոլոր կեղտոտ հնարքներին և կիրառելու է դրանք մեկ առ մեկ։
Այս ֆոնին կա երկու կարևոր եղելություն՝ ժողովրդին հասանելի դարձնելու։
Առաջին՝ երկրում այլևս գործում է բռնապետական ռեժիմ, որի համար որևէ օրենսդրական նորմ խոչընդոտ չէ սեփական շահերի և նկրտումների ի կատար ածման ճանապարհին, հետևաբար՝ ընտրություններից մեկ-երկու ամիս անց կարող է վերացնել այս «բարելավումը»՝ հիմք ընդունելով, օրինակ՝ բյուջեի կատարման անհնարինությունը։ Միանգամայն սպասելի է մի սուբյեկտից, ով կես տարվա ընթացքում միևնույն առարկայի վերաբերյալ երեք իրարամերժ կարծիք է ներկայացնում։
Երկրորդ՝ հաղթանակի համար անհրաժեշտ է մեր հոգիներից վանել վախը։ Ընտրապայքարը դեռ չսկսած՝ գրեթե բոլորը խոսում են այն մասին, որ իրենց կամ բռնելու են կամ փակելու են։ Զինվեք իրավական նորմերով՝ պաշտպանվելու, ոչ թե ձեր վախերը սնելու համար։ Առաջին հերթին Սահմանադրություն և Ընտրական օրենսգիրք կարդացեք, հետո միայն՝ Քրեական օրենսգիրք։
Եվ հիշե’ք։ Սրանք մեր ազգից թողել են միայն անցյալի ստվերներ, հուշեր և մոխիր։ Ստվերը հնարավոր չէ բանտարկել, թրատել, գնդակահարել, մոխիրը՝ կրկին այրել։ Ամենամեծ արհավիրքները մեր ազգի գլխին սրանք արդեն բերել են։
Մոխրից կարելի է միայն փյունիկի հարությանը սպասել։
Հ.Գ. Հզորների միասնական նկարը տեղադրել եմ, որպեսզի չմոռանաք մեր ազգի իրական դեմքերը…»:
Աղբյուր՝ AntiFake.am