Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ հատվածում՝ «Լճակ» ռեստորանային համալիրի մոտ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սրապիոն Պ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Աղբյուր՝ Shamshyan.com