Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Երևանի կողմից ազգայնացնելու հիմնավորումների արժանահավատությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների իրավիճակի հետ՝ դիվանագետը որպես օրինակ նշել է գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման գործընթացը։ «Իշխող թիմը փորձում է իր գործողությունները հիմնավորել «կոռուպցիայի դեմ պայքարի», պետական բյուջե ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցները վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարելավելու մասին կարգախոսներով։ Սակայն այդ պնդումների հավաստիությունը խիստ կասկածելի է», – նշել է Գալուզինը։
Փոխնախարարի կարծիքով՝ «իրականում սա ավելի շատ նման է ներքին մրցակցի դեմ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հաշվեհարդարի»։
Գալուզինը հատկանշական է համարում այն փաստը, որ «մինչև գործարարի՝ հանրապետության քաղաքական ասպարեզ մուտք գործելը, ընկերության գործունեության վերաբերյալ որևէ բողոք չի եղել»։ «Միևնույն ժամանակ, նոր ղեկավարությունը, որքանով կարելի է դատել, մեծ հաջողություններ չի գրանցել ձեռնարկության ղեկին, որում հարյուրավոր միլիոնավոր դոլարներ էին ներդրվել», – նկատել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Աղբյուր՝ AntiFake.am