Եթե սահմանադրական այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․
«Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։
Ուշադիր նայեք, թե ինչ նորամուծություններ են ներառվել այս նախագծում՝
- դատաիրավական համակարգի և ԲԴԽ-ի կազմավորման վերաբերյալ,
- դատավորների վեթինգի մասին,
- օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ,
- քաղաքացիությունից զրկելու թեմայով և այլն։
Այս դրույթները ոչ միայն բացակայում են գործող Սահմանադրությունում, այլև ամբողջությամբ հակասում են Եվրոպական միության ստանդարտներին։
Եթե այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է։
Ինչո՞ւ։
Որովհետև ԵՄ-ն ունի անդամակցության հստակ չափորոշիչներ՝ Կոպենհագենյան կրիտերիաները, որոնք բաժանված են 3 խմբի (քաղաքական, տնտեսական, իրավական) և ներառում են 35 բանակցային ուղղություն։
Եթե երկիրը հայտ է ներկայացնում անդամակցության, ապա պարտավոր է իր ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ ստանդարտներին։
Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում հենց այն պատճառով, որ դեռ չեն ավարտել այս 35 ուղղություններով բանակցություններն ու բարեփոխումները։
Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ սահմանադրական մակարդակով արգելափակվում է եվրահեռանկարը։
Ստացվում է զավեշտալի ու երկակի պատկեր. մի կողմից Փաշինյանը հրապարակավ հայտարարում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ այս նոր նախագծի մեջ ներառում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն եվրոստանդարտների հետ և փակում են մեր ճանապարհը։
Սրանով նա պարզապես մոլորեցնում է մեր հասարակությանը՝ կերակրելով կեղծ եվրահեռանկարով, թեև եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, որ այս պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում անդամակցության որևէ շանս չունի։
Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական։
Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ.
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»։
Աղբյուր՝ AntiFake.am