Բոլորը մաղթում էին, որ Սրբազանն էլ ազատ արձակվի՝ Նարեկի պես, բայց Նարեկն ազատ չէ. Նաիրա Կարապետյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ե՞րբ սա դարձավ նորմալ...
Երեկ շատերիս հուզեց այս պատկերը - ապօրինի կալանք, հացադուլ, առողջության վատթարացում, տնային կալանք անցած Նարեկ Սամսոնյանն արդեն 9 ամսից ավել ապօրինի կալանավորված Բագրատ Սրբազանի հետ...
Սակայն ինձ այս լուսանկարում շատ մտահոգեց այն միտքը, որ բոլորը մաղթում էին, որ Սրբազանն էլ ազատ արձակվի՝ Նարեկի պես:
Ես իհարկե առաջիններից եմ, ով ամեն ժամ, ամեն վայրկյան սպասում է Սրբազանի ազատ արձակմանը, բայց այստեղ կա մի շատ մեծ բայց…
Այն է՝ Նարեկն ազատ չէ:
Նա ունի հանրային խոսքի սահմանափակում, ինչը ազատ խոսքի իրավունքի և մեդիայի ազատության կոպտագույն խախտում է:
Ստացվում է, որ իշխանությունը մի բան հորինում, հերթով փակում է իրեն հատկապես նախընտրական շրջանում խանգարողներին, հետո քիչ-քիչ թեթևացնում «պատիժը», և մենք բոլորս ուրախանում ենք, մի բան էլ մյուսներին ենք նույնը մաղթում:
Այստեղ խոսքը մարդասիրական պահի մասին չէ: Իհարկե, Նարեկ Սամսոնյանի «պատիժը» նույն Վազգեն Սաղաթելյանի համեմատ շատ ավելի թեթև է՝ թե ընտանիքի կողքին գտնվելու, թե տանը լինելու, թե ընկերների և մտերիմների հետ շփվելու պահով, սակայն նրա հիմնական գործունեությունը կասեցված է:
Այսպես են վարվում բոլոր քաղբանտարկյալների հետ, բոլոր:
Եթե Նարեկի դեպքում՝ հետապնդումը հրապարակային վիրավորանքին հրապարակային պատասխան հնչեցնելու համար է (հենց երեկ Ալենը կրկին «փայլեց» հրապարակային բառապաշարով), ապա Սրբազան պայքարի գործով դատվողների դեպքում՝ մոնտաժված ձայնագրությունը և գունավոր ծուխն է:
Զավեշտալի է Սամվել Կարապետյանի դեպքը - ընդամենը «մեր ձևով» արտահայտությունն է, ինչը նիկոլենք ընկալել են իրենց ձևով և շուտափույտ զրկել բարերարին ընտրական գործընթացին մասնակցելու բոլոր հնարավորություններից:
Դավիթ Համբարձումյանի «մեղքը» իմպիչմենտի միասնական թեկնածու լինելն է, Կաթողիկոսի եղբոր և եղբորորդունը՝ արյունակցական կապը, մյուսներինը՝ հայրենասեր լինելը:
Եվ մենք նրանց «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»: Օրինակ՝ Միքայել Աջապահյանը գնաց պատարագ... Չենք մտածում, թե ինչու՞ պետք է չգնար: Արշակ Սրբազանն Էջմիածնում է, բայց դեռ դատվում է, չէ՞: Պայքարեցինք, որ Լիդյան ազատ լինի, «հաղթեցինք», բայց նա ամբաստանյալ է: Ուրախացանք, որ Արա Ռոստոմյանը կարողանում է այցելել որդու շիրիմին, իսկ Արթուր Սարգսյանը կկարողանա դատարան գալուց բարևել իրեն ողջունողներին…
Ախր սա հաղթանակ չէ, սա ընդամենը անհիմն բռնաճնշումների թեթևացում է, այն էլ՝ խիստ մանիպուլյատիվ նպատակներով:
Ազատություն ռեժիմի քաղաքական բանտարկյալներին:
Հ.Գ. Բայց Վազգենի «պատիժը» երեկ քաղաքացուն հայհոյած ԱԺ նախագահը երևի դեռ թույլ չի տալիս մեղմել:
Հ.Գ.Գ. Միջազգային կառույցները սա իհարկե չեն նկատի, նրանք բաց տեքստով աջակցում են ռեժիմին:
#FreePoliticalPrisoners»:
Աղբյուր՝ AntiFake.am