«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱԺ նախագահին առաջարկել է էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննել պատգամավորների վարքը
Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու և մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։
Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն և կամք է դրսևորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաև պատգամավորների պահվածքում և դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննել պատգամավորների վարքը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլև սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեև սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները և ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։ Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որևէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ և եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։
Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել և մասնավորապես՝ որ արտահայտությամբ։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձևավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաև կատարված «խախտումը»։
Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետևաբար, հանձնաժողով ձևավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում