Բեռնում...
Մալիում ռուսական «Աֆրիկյան կորպուսը» կորուստներ է կրել ապստամբների հարձակումից հետո. ՌԴ ԱԳՆ
28-04-2026 17:14 | Լուրեր

Մալիում ռուսական «Աֆրիկյան կորպուսը» կորուստներ է կրել ապստամբների հարձակումից հետո. ՌԴ ԱԳՆ

Մալիում ապստամբների հարձակումից հետո կան զոհեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուսի» շարքերում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նիստում:

«Ապրիլի 25-ին Մալիում տեղի են ունեցել «Ալ Քաիդայի», ինչպես նաև տուարեգ անջատողականների հետ կապված ահաբեկչական խմբավորումների համակարգված հարձակումներ: Համատեղ ջանքերով նրանք հարվածներ են հասցրել այդ երկրի զինված ուժերին երկրի բազմաթիվ շրջաններում և, ցավոք, մեր «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումներին: Դրա հետևանքով կան զոհեր, այդ թվում, մեր կողմում», – նշել է փոխնախարարը:

Բորիսենկոն հավելել է, որ վայրերի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Բամակոյում հարձակումները հետ են մղվել:

«Ընդ որում, հենց ամենասկզբում պայթյունից զոհվել է Մալիի պաշտպանության նախարարը, որը Ռուսաստանի հետ Մալիի մերձեցման կողմնակիցներից մեկն էր», – նշել է նա:

«Ցավոք, տուարեգ անջատողականները գրավել են Կիդալ հյուսիսային քաղաքը, որն առայժմ մնում է նրանց ձեռքին, – հավելել է նա: – Երկրի որոշ շրջաններում մարտական բախումները շարունակվել են: Մեծ խնդիր է ստեղծում խռովարարների կողմից Կիդալ քաղաքի գրավումը երկրի հյուսիսում»:

Արմատական խմբավորումների ջոկատներն ապրիլի 25-ին ​​համակարգված գործողությունների ընթացքում հարձակումներ են գործել Մալիի մի շարք քաղաքների վրա: Սպանվել է պաշտպանության և վետերանների հարցերով նախարար Սադիո Կամարան: Մալիի զինված ուժերի գլխավոր շտաբը նույն օրը հայտնել է, որ զինյալների բոլոր հարձակումները հետ են մղվել, և նրանց մեծ վնաս է հասցվել:

Աղբյուր՝ AntiFake.am