Բեռնում...
Երազումս Արցախում էի... այդ երազում ամենակարևորն այն էր, որ մենք վերադարձել էինք
23-06-2026 23:03 | Լուրեր

Երազումս Արցախում էի... այդ երազում ամենակարևորն այն էր, որ մենք վերադարձել էինք

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երազումս Արցախում էի։ Իմ Ստեփանակերտում։

Ոչ թե մինչ տեղահանումը, այլ վերադարձից հետո։ Քաղաքը լի էր մարդկանցով, շատ էինք։ Սկզբում ուրախություն զգացի. քայլում էի իմ փողոցներով, իմ քաղաքում, իմ տանը։

Բայց հետո…հետո զգացի, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարդիկ առաջվանը չէին։ Շատերին չէի ճանաչում, նրանք էլ՝ իրար։ Արցախյան բարբառը հազվադեպ էր լսվում։ Քաղաքս էլ առաջվանը չէր։

Ուրախությանս աստիճանաբար թախիծ խառնվեց։

Արթնանալուց հետո երկար մտածում էի այդ երազի մասին։ Մեզ համար Արցախը քաղաքներ ու գյուղեր չեն։ Արցախը նախ և առաջ մարդիկ են, հարաբերություններ են, բարբառ է, հիշողություն է, այն միջավայրն է, որտեղ օտար մարդ գրեթե չկա, բոլորը միմյանց ճանաչում են։

Ու միևնույն ժամանակ, այդ երազում ամենակարևորն այն էր, որ մենք վերադարձել էինք։ Շատ էինք։ Կյանքն էր վերադարձել Արցախ։

Մնացածը ժամանակի, կամքի և սիրո հարց է։

Որովհետև տունը միայն մեզ չի սպասում. երբ վերադառնանք, մենք էլ պիտի նորից շունչ տանք մեր տանը։

Եվ որքան էլ փոխված լինի, Ստեփանակերտը կմնա իմ Քաղաքը, իսկ Արցախը՝ իմ Հայրենիքը»:

Աղբյուր՝ AntiFake.am