Իրան-Իսրայել հակամարտություն. ի՞նչ է տեղի ունեցել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրել է.
«Առայժմ պարզ է միայն, որ այս լուսադեմին Իսրայելը կետային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
Ոչ միայն հստակ չէ, թե ի՞նչ իրական վնասի մասին կարող է գնալ խոսքը, այլև նույնիսկ, թե ի՞նչ թիրախներ են խոցվել։
Տեղեկատվական և ապատեղեկատվական հսկայական հոսքերի խառնաշփոթի մեջ կողմնորշվելը չափազանց բարդ է։
Մի բան պարզ է սակայն, տարածաշրջանը լրջագույն լարվածության փուլ է թևակոխում, որի վերջնարդյունքը պարզ չէ։
Օրվա ընթացքում այս ալիքում կանդրադառնամ վերջին զարգացումների թե՛ ընթացիկ, թե՛ այլ հարցերի»:
Ոսկանյանն ավելի ուշ մեկ այլ գրառմամբ հայտնել է.
«Իրանի պատասխան հարվածի սպասումով Իսրայելի առաջին դեմքերին սպասարկող «Սիոնի թև» անվանումով թիվ մեկ ինքնաթիռը բարձրացել է օդ։
Սա ցուցիչ է, որ իրանական կողմի պատասխան հարվածի թիրախ կարող են դառնալ հենց Իսրայելի առաջին դեմքերը, ինչից խուսափելու համար էլ ինքնաթիռը հավանաբար օդ է բարձրացվել։
Պարզ չէ սակայն, թե արդյո՞ք Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այդ ինքնաթիռում է, թե ոչ»:
Ոսկանյանը նաև գրել է. «Չնայած իսրայելական ԶԼմ-ները հրապարակել են հարձակման ընթացքում զոհված իրանցի զինվորականների և միջուկային գիտնականների ցուցակ, սակայն պետք է սպասել Իրանի կողմից պաշտոնական տվյալների հրապարակմանը։
Այս պահին պարզ է, որ նման զոհեր կան, թե՛ բարձրաստիճան զինվորականների և թե՛ գիտնականների շրջանում։
Ըստ առայժմ չհաստատված տվյալների՝ հարվածներ են հասցվել նաև համալսարանական շենքի»:
Իրանագետը հայտնում է. «Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։
Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ։
Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։
Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը»:
Աղբյուր՝ AntiFake.am