Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածները
Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքին հասցված հարվածները՝ համարելով, որ այդ գրոհները նպատակամիտված են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մասշտաբների ընդլայնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Telegram-ում Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
«Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ագրեսիվ հարձակումներն Իրաքի մի շարք շրջանների, այդ թվում՝ Իրաքի պետական հաստատություններին պատկանող օբյեկտների ու վայրերի, ինչպես նաև ուխտագնացության վայրերի վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս հարվածները բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:«Այս հարձակումները…. համապատասխանում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմական հակամարտության մասշտաբներն ընդլայնելու ձգտումներին», – հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հուլիսի 29-ի գիշերը ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան թիրախային հարվածներ են հասցրել շիա խմբավորումների շտաբներին Իրաքի յոթ նահանգներում, այդ թվում՝ Բաղդադում։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իրաքի տարածաքից թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհների փորձերին։Իրաքի ժողովրդական աշխարհազորային ուժերի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։