Բեռնում...
«Ավելի շատ ուղղված է ոչ թե իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, բայց հակառակն էֆեկտն է ունենալու». Արմինե Օհանյան
18-03-2026 22:41 | Կարծիք

«Ավելի շատ ուղղված է ոչ թե իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, բայց հակառակն էֆեկտն է ունենալու». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. «Շատ սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ… ասել, որ զգացված եմ, զարմացած եմ, տպավորված եմ` նշանակում է ոչինչ չասել: Բացարձակապես չէի սպասում, որ նման բուռն և ինձ համար շատ հուզիչ ու պարտավորեցնող կլինի ձեր արձագանքն այս փոքրիկ միջադեպին` իմ մի խմբագրականի առիթով նախաձեռնված քրեական վարույթին…

Հատկապես ուրախ եմ, որ մեր լրատվական դաշտը (չնչին անբարոյական բացառություններին չհաշված) այսքան միասնական է, այսքան գիտակից ու սրտացավ: Երեկվանից հեռախոսս մի րոպե չի լռել, ստիպված եմ եղել տասնյակ հարցազրույցներ տալ, հորդորել, որ մարդիկ չանհանգստանան, վստահեցնել, որ ոչ մի լուրջ բան չկա (սե՞նց բաներ ենք տեսել այս 30 տարում, առավել ևս` վերջին տարիներին):

Նորից համոզվեցի, որ մեր ժողովրդի գիտակից մասը և իմ ընկերները (և՛ ֆեյսբուքյան, և՛ կյանքի ընթացքում ձեռք բերած) առողջ մտածող, պայքարող, իրավիճակը ճիշտ գնահատող մարդիկ են` օգնության հասնելու պատրաստ, քաջ և անկոտրում: Առանձնապես անելիք այս գործով չկա, որովհետև իրավաբանությունը մեր երկրում իսպառ ոչնչացվել է, քննչական և դատական մարմինները մեկ մարդու կամքից և հրահանգներից են կախված, իսկ այդ մեկ մարդն այնքան անադեկվատ և անկանխատեսելի է, որ ոչ ոք չգիտի, թե հաջորդ պահին նա ինչ քայլի է դիմելու, ինչ հրահանգ է իջեցնելու: Եվ ուղղակի ապշել կարելի է, որ կանխատեսելի ու կայուն խաղաղություն, երաշխավորված ապագա ու բարեկեցություն ցանկացող որևէ ողջամիտ մարդ կարող է այս անձի ու նրա իշխանության մնալը ցանկանալ: Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա և ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու և ինչեր է ոչնչացնելու:

Ինչ վերաբերում է այդ քրեական վարույթին և ինձ վրա դրա ազդեցությանը: Ինձ ճանաչող ցանկացած մեկը երևի կհասկանա, որ դա ուժեղ քամի չէ, անգամ մեղմ զեփյուռ էլ չէ և ավելի շատ ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի: Այսպես կոչված, նախազգուշական կրակոց է` ուղղված խմբագիրներին, լրագրողներին, հրապարակախոսներին, բացահայտորեն իրենց քննադատողներին: Եթե անգամ այդ զանգվածի մի 5 տոկոսն էլ ազդվի ու հետևություններ անի, ուրեմն սույն քրեական վարույթով իրենց համար ցանկալի արդյունքին հասած կլինեն: Բայց դատելով այսօրվա արձագանքներից, վստահ եմ` զրո արդյունք է տալու, եթե չասենք` հակառակն էֆեկտն է ունենալու:

Հ.Գ.

Նկարում` իմ հետևի ֆոնին Դոն Քիշոտի արձանն է` հողմաղացների դեմ պայքարող (հուսով եմ` իմ պայքարը նույնքան անիմաստ չէ), ափսոս Անհաղթ աքլորի արձան չկա, որի ֆոնին մեծ սիրով կնկարվեի: Անհաղթ աքլորը` որպես համառ պայքարի ու վերջնական հաղթանակի հայկական սիմվոլ»։

Աղբյուր՝ AntiFake.am