Բեռնում...
Գարուն ա, ձյուն ա արել… չներեք, քանի դեռ ետ չենք դարձել վահանի վրա կամ վահանով
08-03-2026 19:44 | Կարծիք

Գարուն ա, ձյուն ա արել… չներեք, քանի դեռ ետ չենք դարձել վահանի վրա կամ վահանով

Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գարուն ա, ձյուն ա արել…
Մարտի 8-ի օրով Հայ բնությունը Հայի երեսին ձյուն շփեց՝ կարծես հիշեցնելով, որ արդեն վեց տարի է, ինչ Հայ տղամարդը Հայ կնոջն արժան չէ։ Վեց տարի է մենք փորձում ենք ծաղիկներով ու նվերներով կոծկել մեր խայտառակությունը, քողարկել մեր ամոթի խարանը, որ կեռ մահիկի պես դաճվել է մեր ճակատին։ Պատիվ, ամոթ և արժանապատվություն հասկացություններին նույնիսկ հեռավոր աննշմարելի առնչություն չունեցող այս վայ իշխանություններն այդ խարանն ընկալում են որպես ճակատի նախշ, քանզի նրանց ճակատները միշտ էլ սովոր են եղել ստրուկի թասակի։ Հայը, սակայն, չկարողացավ իր մյուռոնված ճակատին տանել այդ խարանը ու հիմա քայլում է գլխիկոր՝ չկարողանալով Հայ կնոջ աչքերի մեջ նայել։ Մի ակնթարթում Հայ տղամարդը Հայ կնոջ պահապան դախանավարից վերածվեց խաղաղություն մուրացողի։ Մինչև ո՞ւր պիտի փախչենք, մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս ետնահանջ վարգը։
Այսօր չենք կարողանում մեր կանանց ու մայրերի հայացքում գտնել մեզ թևեր տվող հաղթական կրակը, քանզի մենք ենք մոխրացրել այդ աչքերը մեր անվերջ նահանջով ու փախուստով։ Ո՞վ իր երկրի տերը չէ, ով նահանջում է իր հողից, նա նահանջում է իր կնոջից և մորից։ Ժամանակն է նորից տեր դառնալ մեր Հայրենիքին։ Այդժամ կկարողանաք պարզ աչքերով նայել մեր կանանց ու մայրերին և շնորհակալություն հայտնել այն գերբնական սիրո և ջերմության համար, որով մեզ պարուրել են նույնիսկ այն օրերին, երբ մենք արժան չենք եղել առավոտյան արևի լույսը տեսնելու։ Եթե մենք այսօր մեր երկիրը թողնենք այս խարանված թուրքահպատակների ձեռքերում, վաղը մեր դուստրերի աչքերում ենք կարդալու մեր պատվի դատավճիռը։
Շնորհավոր մեր մայրերի, կանանց և քույրերի տոնը։
Չներեք մեզ։ Չներեք, քանի դեռ ետ չենք դարձել վահանի վրա կամ վահանով»: