Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Իրանի դեմ գործողությունը տարիներ չի տևի
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործողությունն Իրանում տարբերվում է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններից և տարիներ չի տևի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:
«Տարբերությունն այն է, որ նախագահը հստակորեն սահմանել է, թե ինչի է ուզում հասնել: Դոնալդ Թրամփը պարզապես ոչ մի դեպքում թույլ չի տա, որ այս երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ՝ առանց տեսանելի ավարտի և հստակ նպատակի», – ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի կարծիքով` հստակ նպատակի առկայությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում բախվել այն խնդիրներին, որոնք «մենք ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հետ»։
Վենսի խոսքով՝ նպատակն է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստանա։
«Նա (Թրամփը) նպատակը սահմանել է հետևյալ կերպ. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և պետք է ստանձնի երկարաժամկետ պարտավորություն՝ երբեք չփորձել վերականգնել իր միջուկային ներուժը», – հայտարարել է փոխնախագահը։
Վենսը նաև ասել է, թե Թրամփը գիտեր, որ Իրանը պատրաստ է միջուկային զենք ստեղծել, և որոշել է միջոցներ ձեռնարկել, քանի որ «դա անհրաժեշտ է ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։
Աղբյուր՝ AntiFake.am