Բեռնում...
Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»
13-10-2026 10:20 | Մամուլի տեսություն

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համակարգի աշխատանքը լուրջ հարցեր է առաջացնում։ Նախ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավանում արձանագրվեցին աղիքային վարակների զանգվածային դեպքեր, ապա Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկ հայտնաբերվեց։ Ընդ որում՝ վտանգի մասին ահազանգել էր ոչ թե պետական վերահսկող մարմինը, այլ քաղաքացին։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Ծավում ջրի վերջին նմուշառումն իրականացվել էր դեռևս 2024 թվականին։

Այս ամենի ֆոնին Ռուսաստանից տեղեկություններ ստացվեցին ժանտախտի հնարավոր դեպքի մասին, ինչի առնչությամբ Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց։ Թեև Ռուսաստանում ժանտախտի տարածում չի հաստատվել, իրավիճակը կրկին օրակարգ է բերում հարցը՝ որքանո՞վ է Հայաստանի կանխարգելման համակարգը պատրաստ հնարավոր համաճարակային վտանգներին։

Հիշեցնենք՝ հանրային առողջության և հիվանդությունների կանխարգելման ոլորտը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որի համակարգման ներքո գործում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը։ «Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ Ծավի և Բյուրեղավանի դեպքերը վկայում են վերահսկողության համակարգի լուրջ բացթողումների մասին և հիմք են տալիս բարձրացնելու Նանուշյանի կառավարչական պատասխանատվության հարցը։

Սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չէ որևէ պաշտոնյա, որը պատասխանատվության ենթարկված լինի նշված խայտառակ դեպքերի առնչությամբ վերահսկողության հնարավոր թերացումների համար։ Լենա Նանուշյանն էլ պատասխան չի տվել»: