Նեթանյահուն կմեկնի Նյու Յորք. ինչ է սպասվում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Այցը նախատեսված է սեպտեմբերի 23-25-ը։ Նյու Յորքում Իսրայելի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի միջոցառումներին։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ քաղաքի իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է Նեթանյահուին ձերբակալելու հնարավորությունը՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից նրա նկատմամբ տրված ձերբակալության օրդերի հիման վրա, եթե նա սեպտեմբերին այցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուի՝ ԱՄՆ կատարած այցերի ընթացքում ոչ ոք և ոչ մի կերպ չի կարողանա նրան ձերբակալել։ Ավելի ուշ Մամդանին ընդունել էր, որ քաղաքային իշխանությունները չունեն այդ օրդերն իրականացնելու իրավական լիազորություններ։
2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել՝ Գազայի հատվածում հակամարտության համատեքստում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։ Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն ճանաչում դատարանի իրավազորությունը։