Բեռնում...
Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները
24-03-2026 12:25 | Կարծիք

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական սպասարկուի իրական պատկերը։

Նիկոլ Փաշինյանը դավաճան է՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, դավաճան է նաև 2020 նոյեմբերի 9-ից անմիջապես հետո եղած հիմնավորումներով։

Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ, որովհետև.

1.Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (կցորդի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:

2.Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:

3.Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:

4.Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք, ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:

Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:

5.Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը հայ ժողովրդի անունից առ այն, որ 680 000 թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:

6.Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը:

7.Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:

8.Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:

9.Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:

10.Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:

11.Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:

12.Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:

13.Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «140. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը:

14.Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:

15.Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:

16.Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:

17.Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:

18.Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից»:

Աղբյուր՝ AntiFake.am