Ռուսաստանը հերթական շփումներն է անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ դեսպանատների գործունեության շուրջ
Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը «խնդիրների լայն շրջանակը» կարգավորելու շուրջ. մի քանի օր առաջ տեղի է ունեցել շփումների հերթական փուլը՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը կարգավորելու նպատակով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ատլանտիկայի վարչության ղեկավար Ալեքսանդր Գուսարովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Վերջին տարիներին առաջացած խնդիրների լայն շրջանակի կարգավորման շուրջ ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակվում է…. Այս աշխատանքի կարևոր, թեև ոչ միակ մասը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների կարգավորումն է։ Տեղի են ունեցել փորձագիտական շփումների մի քանի փուլ, վերջինը մի քանի օր առաջ էր՝ աշխատանքային մակարդակով», – ասել է Գուսարովը։
Նա պարզաբանել է, որ, ի թիվս այլ բաների, հաջողվել է «դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի որոշակի կատեգորիաներին այցագրերի տրամադրումը դնել ավելի կանխատեսելի հիմքի վրա», կողմերը նաև առաջընթաց են գրանցել «դիվանագետների տեղաշարժը սահմանափակող ռեժիմի պարզեցման գործում»։
Գուսարովը դրական է գնահատել նման արդյունքը, սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կայունացնելու համար «կողմերի հավակնությունների մակարդակը պետք է զգալիորեն բարձր լինի»։
Հարցազրույցում նա նաև նշել է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին, ինչը ցույց կտա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորումը։