Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորելու Իրանի շուրջ հակամարտությունը. Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը և այդ նպատակով նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է շփումները Պարսից ծոցի և արաբական պետությունների ղեկավարների հետ։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահն աջակցում է Մերձավոր Արևելքում հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, ինչը նա բազմիցս հայտարարել է Պարսից ծոցի և արաբական պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։
«Նախագահը շարունակում է այս շփումները։ Եթե մեր ծառայությունները որևէ կերպ անհրաժեշտ լինեն, մենք, իհարկե, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ մտնի խաղաղ հունի մեջ», – ընդգծել է Պեսկովը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից, Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ն իրենց համար թշնամական դաշինք է։ «Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ թշնամի դաշինք է. այն մեզ համարում է իր թշնամին և ձեռնարկում է համապատասխան թշնամական գործողություններ: Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում այս դաշինքը», – ասել է Կրեմլի խոսնակը։
Աղբյուր՝ AntiFake.am