Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին
Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին
Ներկայացնում ենք հոդվածը՝ հակիրճ։
«Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ մեկուսարանում:
Պարոն Կարապետյան, 2025 թվականին Դուք ձերբակալվեցիք ժողովրդավարության դեմ հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով:
Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը լուրջ չէ: Ես ամենաանմեղ գնահատականն եմ հնչեցրել և հիմա արդեն տասնմեկերորդ ամիսն է, ինչ կալանքի տակ եմ: Գիտե՞ք՝ ինչ է ԿԳԲ-ն: Հայաստանում նույնպես կա ԿԳԲ, և այն ունի իր նկուղները։ Այնտեղ՝ ես յոթ ամիս մնացի: Ես հեռու էի քաղաքականությունից: Ինչ-որ պատճառով Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց, որ իմ խոսքերը իշխանությունը զավթելու փորձ են: Դրանից հետևում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է:
Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարությունները, այնտեղից գալիս են հրահանգները, իսկ նա դրանք իրականացնում է Հայաստանում:
Եվրոպայում եկեղեցին և պետությունը անջատված են: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, և ինչո՞ւ է դրա պաշտպանությունը Ձեզ համար քաղաքական հարց:
Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից: Հայ ժողովրդի մոտ վստահության ամենաբարձր ցուցանիշներն ունի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Հենց դրանից է Փաշինյանը վախենում: Նա ձերբակալել է տվել չորս արքեպիսկոպոսների՝ ամենահարգված ու հայտնի մարդկանց: Նա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան մեր Կաթողիկոսին:
Իրավիճակը Հայաստանում լարված է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր երկրի գլխավոր խնդիրը:
Ամեն ինչ միաժամանակ ձախողվեց, այդ թվում՝ անվտանգությունը և տնտեսությունը: Փաշինյանը պառակտել է ժողովրդին: Նա ամբողջությամբ քայքայել է տնտեսությունը: Մենք՝ հինգ տարի է, ապրում ենք լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը: Ամեն օր մենք սպասում ենք, թե նա առավոտյան ինչ կասի, և Բաքվի որ պահանջները պետք է կատարի Հայաստանի կառավարությունը դրանից հետո: Սակայն ժողովուրդը ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդությունը: Երիտասարդությունն այլևս չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում, և ես կարծում եմ, որ հենց դա կլինի վճռորոշ գործոնը ընտրություններում:
Ինչպե՞ս է տնտեսությունը քայքայվել:
Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել: Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել:
Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը» Ադրբեջանի հետ բանակցություններում:
Կան մի քանի կարմիր գծեր, և բոլորը սկզբունքային բնույթի են: Առաջինը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում: Ես շատ հավանական եմ համարում, որ Փաշինյանը նույնիսկ կհաշտվի նման զարգացման հետ: Ալիևն արդեն խոսել է 300,000 ադրբեջանցիների մասին, ովքեր մեքենաներով գալու են Հայաստան: Հենց դրանից են մարդիկ շատ վախենում:
Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան այստեղ, ժողովրդագրական հավասարակշռությունը մի քանի տարվա ընթացքում կփոխվի: Այդ դեպքում հայկական Հայաստան պարզապես այլևս չի լինի: Մեզ համար սա ազգային գոյատևման հարց է և ոչ թե բանակցությունների առարկա:
Երկրորդ կարմիր գիծը բռնազավթված հայկական տարածքներն են, որոնք Ադրբեջանը հենց հիմա պահում է: Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչև օրս չեն լքել այն: Նախ՝ մեր տարածքների ազատագրումը, հետո՝ մնացած ամեն ինչ:
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն և դրանով իսկ փաստացի պատերազմի արդյունքների՝ Արցախի կորստի և ազգային ինքնորոշման գլխավոր տարրերի ուրացման օրինականացում։
Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար:
Մենք պայմաններ չենք դնում: Թուրքիայի հետ մենք սկզբունքային խնդիրներ չունենք: Անկարան ինքն է փակել սահմանը: Գլխավոր վիճելի հարցը Արցախն էր, իսկ հիմա Ցեղասպանության ճանաչման հարցն է. շուրջ 40 պետություն ճանաչել է այն, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք դրանից:
Դուք շատ եք խոսում հայկական ինքնության սպառնալիքների մասին: Եվրոպայում նույնպես բուռն քննարկումներ են գնում միգրացիայի, ինքնության և ժողովրդագրության շուրջ: Տեսնո՞ւմ եք այստեղ զուգահեռներ:
Անկեղծ ասած, Գերմանիայում վիճակն ինձ վախեցնում է: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան արագ է փոխվում ժողովրդագրությունը։ Բայց Գերմանիան ունի 85 միլիոն բնակիչ, այնտեղ նման գործընթացները տասնամյակներ են տևում: Մեզ մոտ ժողովրդագրական հավասարակշռությունը կարելի է փոխել երեքից հինգ տարում: Եթե մի կողմից զանգվածաբար թուրքեր մտնեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցիներ, հայկական Հայաստանից ոչինչ չի մնա: Մեր ժողովուրդը նման իրականության մեջ չի ցանկանա ապրել և կլքի երկիրը, իսկ երկիրն ինքը աստիճանաբար կանցնի օտարի վերահսկողության տակ:
Բա՞ց եք ԵՄ-ի հետ երկխոսության համար:
Միանշանակ բաց: Դա մեր շահերից է բխում: Այնտեղ կան շատ ընդհանուր արժեքներ: Եվ դա շատ զարգացած տնտեսություն է, որը նույնպես շատ հետաքրքիր է Հայաստանի համար:
Հոդվածի բնօրինակը՝ Armeniens Oppositionsführer im Hausarrest: „Paschinjan erfüllt die Aufträge Bakus“
Աղբյուր՝ AntiFake.am