Բեռնում...
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում գրանցված էր շուրջ 6000 անուն դեղ, իսկ 2018-ից հետո այդ թիվը դարձավ շուրջ 3200. Անուշ Պողոսյան
18-11-2026 20:40 | Կարծիք

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում գրանցված էր շուրջ 6000 անուն դեղ, իսկ 2018-ից հետո այդ թիվը դարձավ շուրջ 3200. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.

«ՍԱ ԱՐԴԵՆ ՆՈՆՍԵՆՍ Է
------------------------------

Այսօր Ազգային ժողովում Անահիտ Ավանեսյանը մեղադրում էր նախագահ Սերժ Սարգսյանին ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում։

Բայց մի պահ հետ նայենք փաստերին։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում գրանցված էր շուրջ 6000 անուն դեղ, իսկ 2018 թվականից հետո այդ թիվը նվազեց՝ հասնելով շուրջ 3200-ի։

Մինչդեռ ԵԱՏՄ դեղերի միասնական գրանցամատյանում գրանցված է 18 442 անուն դեղ, որոնք պետք է հնարավորություն ունենային անխոչընդոտ ներմուծվել Հայաստան։

Ինչո՞ւ ներկայիս կառավարությունը չի ապահովում այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ պատասխանը բոլորիս հայտնի է։

Հայաստանը պետք է ունենար նաև ռեֆերենսային գնագոյացման համակարգ, բայց չունի։ Ինչո՞ւ՝ նույնպես բոլորիս հայտնի է։

Որովհետև այս ամենի իրականացումը կնշանակեր իրական մրցակցություն, դեղերի գների նվազում և դեղերի ներկրողների ու ներկայացուցիչների գերշահույթների վերացում կամ էական սահմանափակում։

Բայց մի՞թե կառավարությունն իր թշնամին է։ Մի՞թե պետք է իրականացնի այնպիսի բարեփոխումներ, որոնք կվերացնեն իրեն ձեռնտու շահերը, եթե անգամ դրա արդյունքում կշահի ժողովուրդը։

Հենց սա է խնդիրը։

Ժողովրդի շահը և որոշ տնտեսական խմբերի շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Եվ քանի դեռ այս հակասությունը չի լուծվել հօգուտ քաղաքացու, դեղերի մատչելիության մասին հայտարարությունները կմնան ընդամենը հայտարարություններ»:

Աղբյուր՝ AntiFake.am