Սի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համար
Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հայտարարել է, որ առանց Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցության դժվար կլինի լուծել աշխարհի բազմաթիվ խնդիրներ։
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ երկու երկրների հարաբերությունները պահել կայուն զարգացման ուղու վրա։
Սի Ցզինփինը նշել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «պատմական պատասխանատվություն» են կրում մարդկության զարգացման համար։ Նրա խոսքով՝ երկու երկրները շահում են համագործակցությունից և կորցնում առճակատումից, իսկ մրցակցությունը պետք է լինի առողջ և մնա ողջամիտ սահմաններում։
Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ երկու երկրների զինված ուժերը պետք է պահպանեն կանոնավոր երկխոսությունը և կատարելագործեն ճգնաժամերի կանխարգելման մեխանիզմները։
Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Սին նշել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը ոլորտի առաջատարներն են, իսկ արհեստական բանականությունը պետք է մնա մարդու վերահսկողության ներքո և ծառայի մարդկանց։
Սի Ցզինփինը հիշեցրել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չինացիների և ամերիկացիների՝ ֆաշիստական ագրեսիայի դեմ համատեղ պայքարի մասին։
Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին Չինաստանը նախատեսում է երկիր այցելելու և փոխանակման ու կրթական ծրագրերի մասնակցելու հրավիրել 100 հազար ամերիկացի երիտասարդի։
«Եկեք շարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը և միասին աշխատենք ավելի լավ աշխարհ կառուցելու ուղղությամբ»,– ասել է Սի Ցզինփինը։