Հայտնի է Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը. MediaHub
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16:30-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին։
Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Վեհափառ Հայրապետի կողմից կարգալույծ արված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու պատճառաբանությամբ։ Նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը մինչև կարգալույծ արվելը իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից զրկելու համար դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ էր ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից, որն էլ բավարարել էր հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն Մայր Աթոռը դատարանի որոշումը կատարելու փոխարեն հայտարարեց, որ նման հարցերը դատարանի տիրույթում չեն և դա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ Գևորգ եպիոսկոպոս Սարոյանը կարգալույծ հռչակվեց իր կարգազանց ընթացքի, հնազանդության ուխտի դրժման համար։ Որից հետո իրավապահները քրեական վարույթ նախաձեռնեցին ինչպես Գերագույն հոգևոր խորհդի բարձրաստիճան հոգևորականների, այնպես էլ Վեհափառ Հայրապետի նկատմամբ՝ իբրև օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելուն խոչընդոտելու հիմքով, ինչի հետևանքով սրբազանների, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել է նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Ըստ մեղադրանքի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ է հռչակել Արման Վոլոդիայի Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով Դատարանի կողմից կայացված դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը: