Բեռնում...
Սաղաթելյանի, Սամսոնյանի և Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է
14-11-2025 16:13 | Լուրեր

Սաղաթելյանի, Սամսոնյանի և Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ Antifake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին:

Վ․ Սաղաթելյանն ու Ն․ Սամսոնյանը վարում են ընդգծված ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «Իմնեմնիմի» փոդքասթը, որը հեռարձակվում է Antifake.am կայքի սոցիալական հարթակներով։

Նոյեմբերի 13-ին փոդքաստերները ձերբակալվեցին, այնուհետև՝ կալանավորվեցին «խուլիգանության» մեղադրանքով։ Նրանք ենթարկվել են քրեական հետապնդման՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին իրենց փոդքասթի ընթացքում վիրավորական արտահայտություններ օգտագործելու համար, որոնք արվել էին Ա․ Սիմոնյանի կողմից նույնատիպ արտահայտություններին ի պատասխան։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում վիրավորանքը ապաքրեականացված է, «խուլիգանության» մեղադրանքն օգտագործվում է այն փաստացի շրջանցելու նպատակով։ Փոդքասթերները հստակ նախազգուշացրել էին, որ թողարկման ընթացքում կարող են օգտագործվել հայհոյանքներ, ինչն ինքնին բացառում է «խուլիգանությունը», քանի որ «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի» տարրը պարտադիր հատկանիշ է հանցակազմի համար։

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Antifake-ի գրասենյակում և առգրավել փոդքասթերներին պատկանող ողջ գույքը՝ տեսախցիկներ, եռոտանիներ, միկրոֆոններ, համակարգիչներ և կրիչներ։ Խուզարկության ընթացքում ձերբակալվել է նաև Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Սաղաթելյանի, Սամսոնյանի և Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։ Ողջ գործընթացն առանց իրավական հիմքի է, հետևաբար՝ պայմանավորված է վերջիններիս և «Անտիֆեյքի» ընդդիմադիր հայացքներով։ Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 10–րդ հոդվածներով երաշխավորված՝ անձնական ազատության և արտահայտման ազատության իրավունքներից, խախտվել է նաև 18-րդ հոդվածը, որն արգելում է իրավունքների սահմանափակումը կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում`

https://drive.google.com/file/d/1L-ryEORj5Vu3SaMH2Q6jkhG1IeIbc-Ql/view

Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին և Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։