Բեռնում...
Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր
27-01-2026 22:15 | Լուրեր

Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր.

«Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:

Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:

Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից:

Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:

Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ:

Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը:

Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար:

Հայո՛ց բանակ, մեր սիրելի՛ զավակ,
Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից:

Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև»:

Աղբյուր՝ AntiFake.am