Միջնորդները Վաշինգտոնին և Թեհրանին հորդորել են բանակցությունները շարունակել հեռավար ձևաչափով․ WSJ
Տարածաշրջանում միջնորդի դեր ստանձնած կողմերը Թեհրանին և Վաշինգտոնին հորդորել են չընդհատել երկխոսությունը և շարունակել հեռավար ձևաչափով ընթացող բանակցությունները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, սա նպատակ ունի քայլ առ քայլ հարթել կողմերի միջև եղած տարաձայնությունները։
Պաշտոնյաների խոսքով՝ առցանց հաղորդակցության շարունակականությունը կարող է նպաստել «կողմերի դիրքորոշումների մերձեցմանը՝ փոխադարձ հասկացողության հասնելու նպատակով»։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից։ Ավելին՝ Վաշինգտոնը պատրաստվում է առաջիկա օրերին պատասխանել Իրանի ներկայացրած ծրագրին և հանդես գալ սեփական առաջարկներով։
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել բանակցությունների երեք փուլից բաղկացած ծրագիրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ իրանական կողմը պահանջում է առաջնահերթ քննարկել պատերազմի դադարեցման հարցը և երաշխիքներ ստանալ այն մասին, որ Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողություններն այլևս չեն վերսկսվի։ Երկրորդ փուլով Իրանն առաջարկում է անդրադառնալ հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման խնդրին։ Իսկ արդեն երրորդ փուլը, ըստ Թեհրանի նախաձեռնության, պետք է վերաբերի իրանական միջուկային ծրագրին։ Հատկանշական է, որ Իրանը կտրականապես հրաժարվում է քննարկել միջուկային հարցը, քանի դեռ առաջին երկու կետերի շուրջ վերջնական համաձայնություն չի ձեռք բերվել։
Աղբյուր՝ AntiFake.am