Արցախցիների վերադարձը չի կարող համեմատվել ադրբեջանցիների տեղափոխման հետ․ Արեգա Հովսեփյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախցիների վերադարձի թեմային և դրա համեմատությանը ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխման հետ։
Նա նշել է, որ նման համեմատությունները «կեղծիք, մանիպուլյացիա և ադրբեջանական շահի սպասարկում» են։
Հովսեփյանի խոսքով՝ Արցախում հայ բնակչությունը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ արցախցիները, ըստ նրա, օգտվել են ինքնորոշման իրավունքից՝ հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Նա նաև պնդել է, որ 2023 թվականին Արցախից բնակչության դուրս գալը եղել է էթնիկ զտման հետևանք, և ընդգծել է, որ տարբեր միջազգային կառույցներ այդ իրադարձությունները գնահատել են որպես ցեղասպանություն կամ էթնիկ զտում։
Հովսեփյանը հավելել է, որ միջազգային տարբեր փաստաթղթերում և հայտարարություններում աջակցություն կա Արցախի բնակչության վերադարձի հարցին, մինչդեռ, նրա խոսքով, ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխման վերաբերյալ նման փաստաթղթեր չկան։
Նա նաև նշել է, որ ադրբեջանցիների Հայաստանում բնակեցումը եղել է ԽՍՀՄ քաղաքականության հետևանք, իսկ Արցախի բնակչությունը պատմականորեն ապրել է իր հայրենիքում։
Արեգա Հովսեփյանի կարծիքով՝ Արցախցիների վերադարձի և ադրբեջանցիների տեղափոխման միջև համեմատություն անելը սխալ է և քաղաքականապես մանիպուլյատիվ։
Աղբյուր՝ AntiFake.am