ՌԴ ԱԳՆ-ն կատարում է հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված իրադրությունը վերլուծելու Պուտինի հանձնարարությունը
ՌԴ նախագահի հանձնարարությունը՝ վերլուծելու հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված իրադրությունը, կատարվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։
«Մենք գործում ենք նախագահի ցուցումներին համապատասխան, ով, ինչպես հայտնի է, ԱԳ նախարարությանը հանձնարարել է վերլուծել իրադրությունը և հանձնարարականներ տալ հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ. դա կատարվում է», – ասել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ «այստեղ ոչ մի «արտակարգ բան» չկա. այստեղ չկա որևէ բան, որը կպահանջի քաղաքական ջերմաստիճանի բարձրացում»։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Եթե ամերիկացիները գնան իրական միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու ուղիով, մենք կպատասխանենք հայելային ձևով: Այդ մասին բազմիցս ասվել է։ Ես կարծում եմ, որ մեր այս տրամաբանական և ոչ հակասական դիրքորոշումը լավ ընկալել են և՛ Վաշինգտոնում, և՛ մյուս մայրաքաղաքներում», – նշել է Ռյաբկովը։
«Մենք Վաշինգտոնին տվել ենք համապատասխան հարցեր, երբ թեման նոր հայտնվեց տեսադաշտում, երբ դրա մասին սկսեցին խոսել», – ասել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ իրենց պատասխանել են՝ վերաշարադրելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Ռուսական կողմը նաև վերլուծել է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում, Ռյաբկովի խոսքով, կան «որոշակի անհամաձայնություններ»։
«Մենք հակված ենք կարծելու, որ սա այս հարցում նման անորոշություն ստեղծելու միտումնավոր փորձ է։ Մեր դիրքորոշումն առավելագույնս պարզ է. մենք հանձնառու ենք իրական միջուկային փորձարկումների վաղուց հայտարարված և պահպանվող մորատորիումին», – ընդգծել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային զենքի փորձարկումներ կանցկացնի մյուս երկրների նման, սակայն հրաժարվել էր մանրամասնել՝ արդյոք համապատասխան ծրագրերը ներառում են միջուկային մարտագլխիկների պայթեցում։