Պատմությունը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է կայացնում այլևս չհարմարվել պարտադրված իրականությանը. Մետաքսե Հակոբյան
«38 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Երևանում՝ Ազատության հրապարակում բարձրաձայնեց այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ ապրում էր իր ներսում՝ ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը։
Այդ օրը ոչ թե պարզապես շարժում սկսվեց, այլ ազգային արժանապատվության վերականգնման գործընթաց»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, փետրվարի 20-ը ապացույց է, որ պատմությունը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է կայացնում այլևս չհարմարվել պարտադրված իրականությանը։
«Մենք փառավոր ճանապարհ անցանք
համաժողովրդական զարթոնք,
հաղթանակած պատերազմ,
պետականության կերտում,
ցավոք նաև ծանր կորուստներ ու դաժան փորձություններ։
Սակայն կարևորը անփոփոխ է մնացել՝
ազատության պահանջը չի վերացվել որևէ հրամանագրով, որևէ պարտադրանքով, որևէ ժամանակավոր պարտությամբ։
Փետրվարի 20-ը արգելում է մոռանալ.
ազգերը պարտվում են ոչ թե այն ժամանակ, երբ հարված են ստանում, այլ այն ժամանակ, երբ հրաժարվում են իրենց իրավունքից։
Մեր ճանապարհը եղել է փառավոր, որովհետև այն հիմնված էր արդարության վրա։
Եվ որքան էլ փորձեն պատմությունը վերաշարադրել, այդ օրը չեն կարող ջնջել մեր ազգային օրացույցից։
Ազատության գաղափարը ժամանակավոր չի լինում։
Աղբյուր՝ AntiFake.am