Մերժվածության համը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից, ինչն անդրադառնում է նաև իր հավաքների վրա՝ կադրերում երևացող 300-400 մարդկանցից 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերից» են։ Թերթի պնդմամբ՝ վերջին օրերին Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը, գրգռված է, վիրավորում ու սպառնում, հայտարարում, թե հավաքները կողմնակիցների համար են, իսկ անհամաձայնները թող հեռանան։
«Փաստ»-ը առանձնացնում է նաև Ազատի «կացարանում» տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանները տարեց տղամարդուն հեռացրել են և նրանցից մեկը ձեռքի ափով փակել է նրա բերանը։ Հրապարակման մեջ ՔՊ-ի քարոզարշավը նկարագրվում է որպես «ամենատոքսիկ», նշվում են քաշքշոցներ, բերման ենթարկվածներ, ինչպես նաև քպականների բառացի արտահայտությունները՝ «տրորելով կանցնենք», «դու ինչի՞ չես մեռել…»։