Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան
Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):
Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):
Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:
Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:
Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:
Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան