Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով. Զաքարիա Սրբազան
Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը գրել է.
«Անկախ պետություն և պետականություն ունենալը մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, որի համար նրանք պայքարել են և համառ ջանքեր գործադրել:
Փառք Աստծո, այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունը, որը թեպետ բազում խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այն մերն է, մեր սրբազան Հայրենիքը: Այն առավել սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունի: Չպետք է մոռանալ, որ Հայոց աշխարհը սրբացված է մեր սուրբ նահատակների արյամբ և զորացած իր քաջարի զավակներով:
Մենք այլ Հայրենիք չունենք և օտար երկրների փոխարեն մեր Հայրենիքի շենացմանը պետք է լծվենք: Մեր մտավոր ամբողջ ուժը, տաղանդը և տարբեր ձիրքերը պետք է ի սպաս դնենք մեր Հայրենիքի զորացման և բարգավաճման համար: Հայրենիքի հզորությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր անդուլ և նախանձախնդիր աշխատանքից, Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրուց և նվիրումից…:
Ուստի այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով: Այն շարունակվող հերոսամարտ է, պայքարի և լինելիության ոգի, քանզի իբրև ազգ` դատապարտված ենք հաղթանակած դուրս գալու տեսանելի և անտեսանելի բոլոր պատերազմներից:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ»։
Աղբյուր՝ AntiFake.am