Բեռնում...
Տոկաևը աջակցության ուղերձներ է հղել արաբական երկրների առաջնորդներին
02-03-2026 19:39 | Լուրեր

Տոկաևը աջակցության ուղերձներ է հղել արաբական երկրների առաջնորդներին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի և Քուվեյթի ղեկավարներին՝ հայտնելով իր անկեղծ աջակցությունն ու համերաշխությունն այդ երկրների ժողովուրդներին՝ դժվարին ու խորը մարտահրավերների ժամանակաշրջանում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Այբեկ Սմադյարովին։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խստորեն դատապարտել է Ղազախստանին բարեկամ և եղբայրական պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարող ցանկացած ռազմական գործողություն։

«Մեր երկիրը կողմնակից է բոլոր բարդ միջազգային հարցերի և զինված հակամարտությունների լուծմանը՝ բացառապես դիվանագիտական ​​ճանապարհով», – ուղերձում նշել է Ղազախստանի նախագահը:

Տոկաևը նաև հաստատել է, որ Ղազախստանը պատրաստ է հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել եղբայրական արաբական ժողովուրդներին: Նա այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ կանոնավոր աշխատանքային շփումների շարունակականության հույս է հայտնել:

Աղբյուր՝ AntiFake.am