Ողբերգական ավտովթար Չարենցավանում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանով
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում, երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Հակոբյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Վռամ Կակոսյանը։
Վթարի հետևանքով Վ․ Կակոսյանը տեղում մահացել է։
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, իսկ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Անուշ Հայրապետյանը և 38-ամյա Արմինե Կակոսյանը։
Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Կ․ Հակոբյանը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանով։ Նրա հետ ավտոմեքենայում եղել է նաև Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ադամյանը։
Թե նա, թե Կ․ Հակոբյանը դեպքի վայրում հայտնել են, որ ավտոմեքենան իրենք չեն վարել, սակայն քննչական գործողությունների արդյունքում, կարծես թե, հիմնավորվել է, որ ավտոմեքենան վարել է Կ․ Հակոբյանը, ով էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Նրա հետ ավտոմեքենայում գտնվող Գ․ Ադամյանից քննիչի որոշմամբ արյան փորձանմուշ է վերցվել՝ սթափությունը պարզելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել էին «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուր՝ Shamshyan.com