Ինչո՞ւ է Լենա Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում հայտնվել. «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պահվածքը մինչ օրս շարունակում է քննարկումների առարկա մնալ առողջապահական համակարգում։
Բանն այն է, որ թանգարանների մասին օրինագծի քննարկման ժամանակ Նանուշյանը ձայն խնդրեց և դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ ցանկանում է կիսվել իր անձնական փորձառությամբ։
Պարզվեց՝ փոխնախարարի «փորձառությունը» կապված էր Ազգային պատկերասրահից կատարած գնումների հետ։ Նրա խոսքով՝ վերջերս այնտեղից գնել էր Արշիլ Գորկու պատկերով վերնաշապիկ և շատ գոհ էր դրա որակից։
Հիշեցնենք, որ այս պաշտոնյայի անունը տարիներ շարունակ կապվել է առողջապահության ոլորտում վիճահարույց և քննադատությունների արժանացած գործընթացների հետ։ Նանուշյանը համարվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի հիմնական պատասխանատուներից մեկը՝ մի նախաձեռնության, որի իրականացումը երկար ժամանակ ձգձգվեց, մինչև նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված եղավ անձամբ ներգրավվել գործընթացում՝ այն առաջ մղելու համար։
Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա որդին առողջական հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Միաժամանակ, առողջապահության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների գնահատմամբ, հենց նրա գործունեության տարիներին համակարգը վերածվել է իշխանության՝ ՔՊ-ի նկատմամբ ամենաքննադատական և ամենաընդդիմադիր տրամադրություններ ունեցող պետական ոլորտներից մեկի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում