Բեռնում...
Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի պահեստային ծրագրի մշակումը՝ Թրամփի հնարավոր դուրս գալու դեպքում. The Wall Street Journal
15-04-2026 17:06 | Լուրեր

Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի պահեստային ծրագրի մշակումը՝ Թրամփի հնարավոր դուրս գալու դեպքում. The Wall Street Journal

Եվրոպան ակտիվորեն աշխատում է սեփական պաշտպանունակության պահպանման պահեստային ծրագրի վրա՝ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը որոշում կայացնի դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ պաշտոնյաներն աշխատում են «եվրոպական ՆԱՏՕ-ի» ստեղծման ուղղությամբ, փորձում են դաշինքի ղեկավար պաշտոններում ավելի շատ եվրոպացիների առաջադրել, ինչպես նաև ամերիկյան ռազմական տեխնիկան փոխարինել սեփականով։

Համաձայն թերթի՝ համապատասխան ծրագրերի մշակումը սկսվել է 2025 թվականին և թափ է հավաքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքներից հետո։ Նոր թափ է հաղորդել նաև Վաշինգտոնի քննադատությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին՝ Թեհրանի դեմ պատերազմում իրեն օգնելու ցանկություն չունենալու պատճառով։

Նշվում է, որ կարևոր տեղաշարժ է եղել Բեռլինի տրամադրությունների փոփոխությունը, որը նախկինում դիմադրում էր պաշտպանության հարցերում Եվրոպայի ավելի մեծ ինքնիշխանությանը։ Հենց Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունից հետո, որի տարածքում տեղակայված է ամերիկյան միջուկային զենքը, ծրագրի քննարկումն անցել է գործնական հարթություն։ Որպես իդեալական սցենար՝ եվրոպական երկրները տեսնում են ԱՄՆ-ի մնալը դաշինքի կազմում՝ պաշտպանական խնդիրների մեծ մասը եվրոպացիներին փոխանցելու պայմանով։

Բացի այդ, Եվրոպան մտադիր է ավելացնել այն սպառազինությունների արտադրությունը, որոնցով հետ է մնում ԱՄՆ-ից, այդ թվում՝ հակասուզանավային միջոցների, տիեզերական հետախուզության և հսկողության միջոցների, ինչպես նաև օդում վերալիցքավորման համակարգերի արտադրությունը։

Աղբյուր՝ AntiFake.am