Բեռնում...
Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ
09-04-2026 12:48 | Լուրեր

Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ

Իրանական կողմից ապրիլի 9-ին հրապարակված քարտեզում ենթադրվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ ծովային ականներ է տեղադրել Հորմուզի նեղուցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակումներ են արել ISNA և Tasnim գործակալությունները։

Քարտեզում նշված է մեծ շրջանակ, որի վրա պարսկերենով գրված է «վտանգավոր գոտի»։ Ենթադրաբար, ԻՀՊԿ-ն այդ հատվածում տեղադրել է ականներ։

Առաջարկվում է, որ նավերը շարժվեն դեպի հյուսիս՝ Իրանի մայրցամաքային հատվածին ավելի մոտ ջրերով՝ Լարակ կղզու մոտով։ Ըստ The Associated Press-ի՝ հենց այս երթուղին են որոշ նավեր ընտրել պատերազմի ընթացքում։

Քարտեզի վրա նշված են հետևյալ ամսաթվերը՝ փետրվարի 28-ից մինչև ապրիլի 9։ Դեռևս հստակ չէ, թե արդյոք ԻՀՊԿ-ն ականազերծել է երթուղին, թե՝ ոչ։

The Associated Press-ը նշում է, որ սա, հավանաբար, ծառայել է որպես ճնշման մարտավարություն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։

Իրանը և Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցություններ անցկացնելու։

Աղբյուր՝ AntiFake.am