Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների (դրանք հոգու խորքում պիտի ասեն՝ ախպեր դե մեր նման մարդ ա էլի). Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Պետք է խոսեմ մի հետաքրքիր թեմայի մասին, որին շատ հաճախ բոլորս էմոցիոնալ ու բուռն կերպով ենք արձագանքում, տևական ժամանակ դարձնում քննադատության, հաճախ նաև ծաղրի առարկա, սակայն իրականում այն որոշակի գիտակցված դիտավորություն ունեցող քարոզչական տրյուկ է։
Խոսքը Նիկոլ Փաշինյանի կերպարի, հագուկապի, ինչպես նաև էկրանին դրսևորած ոչ էսթետ վարքագծի մասին է։ Ինչպես հայտնի է՝ մենք նրան տեսել ենք ամբիոնի մոտ վերնաշապիկը ուղղելիս, անդրավարտիքն ու գոտին բարձրացնելիս, երկար վերարկույով՝ ինչ-որ անտիկվար շարֆով և այլն․ ավելի հաճախ տեսնում ենք ձեթով պերաշկի ու կուոկւռուզ ուտելիս, տաք կարտոֆիլը ձեռքից գցելիս, կամ բիբարը (մուրաբայի քաղցրությամբ) ագահաբար կծելիս։ Այս բոլորը բնավ պատահական չի արվում, այլ հստակ գիտակցումով ու հաուկ նպատակով։
Բանն այն է, որ Փաշինյանից լավ, հայ ազգի էսթետ կերպարն ու հոգու պահանջը գիտակցող դեմք, ցավոք սրտի, քիչ կա․ նա ամբողջովին տիրապետում ու առ այսօր փայլուն կարողանում է խաղալ այդ լարերի վրա, քանի որ գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների (դրանք հոգու խորքում պիտի ասեն՝ ախպեր դե մեր նման մարդ ա էլի)։ Այսինք, տեսարանն աշխատում է դարձյալ Փաշինյանի օգտին։
Ի դեպ, ասեմ, որ սա նորություն չի, և Փաշինյանը, հերթական անգամ նմանակում է։
Թերև քչերին է հայտնի, որ Բենիտտո Մուսոլինին շատ գիտակցված էր աշխատում իր կերպարի վրա՝ դիտավորյալ կեղտոտելով հագուստը, ուտելիք և ցեխ քսելով։ Նա փորձում էր ստեղծել «ժողովրդի մարդու» իմիջ՝ հակադրելով իրեն ավանդական, նրբաճաշակ ու «էլիտար» քաղաքական գործիչներին։ Դրա համար երբեմն ցուցադրաբար անտեսում էր արտաքին կոկիկությունը՝ ընդգծելու համար, որ ինքը գործնական, «գետնի վրա» ապրող սովորական մարդ է, ոչ թե սրահային ինտելեկտուալ։
Բացի այդ, ֆաշիստական գաղափարախոսության մեջ կար ուժի, կոպտության և «կենսական էներգիայի» պաշտամունք։ Մաքուր, կոկիկ, նուրբ կերպարը կարող էր ընկալվել որպես «թուլության» նշան, իսկ մի փոքր կոպիտ, անգամ կեղտոտ տեսքը՝ որպես ֆիզիկական աշխատանքի, պայքարի և ուժի խորհրդանիշ։ Մուսոլինին հաճախ էր խաղում այս հակադրության վրա։ Նա նաև սիրում էր թատերականություն։ Ինչպես իր հայտնի բեմական ժեստերը, այնպես էլ արտաքին տեսքը, ձայնի տոնը, դեմքի արտահայտությունները:
Ըստ էության սա պոպուլիզմի դասական մեխանիզմ է․ բանն այն է, որ պոպուլիստ առաջնորդը փորձում է նվազեցնել սոցիալական հեռավորությունն իր և զանգվածների միջև՝ անգամ արտաքին տեսքի միջոցով։ Այսինքն՝ դա ոչ թե սովորական անփութություն է, այլ՝ կառավարվող իմիջ, որի նպատակն է՝ ուժ, պարզություն և «ժողովրդայնություն» ցուցադրել»։
Աղբյուր՝ AntiFake.am