Բեռնում...
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել. գնդակն իրանական դաշտում է. Վենս
14-04-2026 14:34 | Լուրեր

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել. գնդակն իրանական դաշտում է. Վենս

Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն այժմ երկխոսության շարունակությունը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։

«Չէի ասի, թե (բանակցություններում) ամեն բան վատ է ընթացել։ Շատ բաներ լավ են ընթացել։ Մեծ առաջընթաց է գրանցվել», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հստակ ասել է՝ որտեղ կարող է ճկունություն ցուցաբերել և ինչ հստակ պայմանների ապահովման դեպքում կարող է համաձայնության հասնել։

Վենսը նաև դրական է համարել նման բարձր մակարդակով Իրանի հետ բանակցությունները։

«Գլխավոր հարցն այն է՝ արդյոք իրանական կողմը բավարար ճկունություն կցուցաբերի, արդյոք կընդունի այն կարևոր կետերը, որոնք մենք պետք է տեսնենք, որպեսզի առաջ գնանք», – ասել է նա։

Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի բոլոր «կարմիր գծերը» բխում են նրանից, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և դա պետք է լինի ստուգելի։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է դրան, ինչը լավ է։ Ամերիկյան կողմի պահանջներից մյուսն էլ այն է, որ Իրանում առկա հարստացված ուրանը դուրս բերվի երկրից, և ԱՄՆ-ն ցանկանում է, որ այդ ուրանը, որը 2025 թ. հունիսի ամերիկյան հարվածներից հետո թաղված է գետնի տակ, անցնի իր վերահսկողության տակ։

Վենսը նաև նշել է, որ Իրանը չպետք է հնարավորություն ունենա հարստացնել ուրանը։

Լրագրողը նաև հարց է ուղղել՝ արդյոք Իրանի հետ սպասվում են նոր բանակցություններ։

«Լավ կլինի, որ այդ հարցն ուղղվի իրանցիներին, քանի որ գնդակն իրականում նրանց դաշտում է», – ասել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հստակ նշել է, որ միջուկային նյութը պետք է դուրս գա Իրանից։

Նրա խոսքով՝ Իսլամաբադում գտնվող իրանական թիմը չէր կարող գործարք կնքել, և ստիպված էր վերադառնալ Թեհրան՝ կա՛մ գերագույն առաջնորդից, կա՛մ ինչ-որ այլ մեկից համաձայնություն ստանալու ամերիկյան պայմանների շուրջ։

«Հաջորդ քայլն իրանցիներից է կախված», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա հավելել է, որ Պակիստանում բանակցությունների ժամանակ նաև քննարկվել է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։

«Եթե նրանք դա չանեն, ապա սա հիմնովին կփոխի նրանց հետ բանակցությունների բնույթը», – նշել է Վենսը։

«Մենք պետք է դուրս բերենք հարստացված նյութը Իրանից։ Մենք պետք է նրանցից վերջնական հաստատում ստանանք, որ նրանք միջուկային զենք չեն մշակի։ Եվ ես կարծում եմ, որ եթե իրանցիները պատրաստ են ընդառաջ քայլ անել, ապա դա կարող է շատ լավ գործարք լինել երկու երկրների համար։ Եթե նրանք պատրաստ չեն ընդառաջ քայլ անել, դա նրանց գործն է», – հավելել է փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի ռազմական առավելություն, Իրանի վրա տնտեսական ճնշում է գործադրում իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով։ Վենսը հիշեցրել է, որ ԱՄՆ շրջափակման պատճառով ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցի շուրջ՝ մի շարք հակասությունների պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին:

Աղբյուր՝ AntiFake.am