Բեռնում...
Կայուն վարկանի՞շ, թե՞ կայուն լճացում. ինչպես մեկնաբանել առաջատար վարկանիշային գործակալությունների դիրքորոշումը
17-04-2026 17:41 | Վերլուծություն

Կայուն վարկանի՞շ, թե՞ կայուն լճացում. ինչպես մեկնաբանել առաջատար վարկանիշային գործակալությունների դիրքորոշումը

Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում որպես լուրջ ձեռքբերում ներկայացված է այն հանգամանքը, որ առաջատար միջազգային վարկանիշային գործակալությունները չեն նվազեցրել Հայաստանի վարկանիշը։

Զեկույցի 25-րդ էջում նշված է. «2025 թվականին առաջատար երեք միջազգային վարկանշային գործակալությունները վերահաստատել են Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ ընդգծելով երկրի մակրոտնտեսական կայունությունը: Մասնավորապես, «Մուդի’զ»-ը պահպանել է «Ba3» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, իսկ «Ֆիթչ»-ը և «Ստանդարդ ընդ Փուրզ»-ը վերահաստատել են «BB-» վարկանիշը՝ փոխելով հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի:»։

Սակայն այս ձևակերպումների տակ թաքնված իրականությունը շատ ավելի համեստ է, քան փորձում է ներկայացնել ՀՀ կառավարությունը։ 2025թ. «Մուդի’զ»-ի գնահատմամբ ՀՀ սուվերեն վարկանիշը կազմել է «Ba3», մինչդեռ 2017թ. այն եղել է «B1»՝ ընդամենը մեկ հորիզոնականով ցածր: Նմանատիպ պատկեր է նաև «Ֆիթչ»-ի դեպքում: 2025թ. վարկանիշը եղել է «BB-», իսկ 2017թ.՝ «B+», որը կրկին ընդամենը մեկ հորիզոնականով է զիջում ներկայիս մակարդակին։ Այսինքն՝ ավելի քան 7 տարվա ընթացքում արձանագրվել է ոչ թե որակական առաջընթաց, այլ գրեթե աննշան տեղաշարժ։

Ավելին, և՛ «Մուդի’զ»-ի «Ba3», և՛ «Ֆիթչ»-ի «BB-» վարկանիշները հանդիսանում են «ոչ ներդրումային», «սպեկուլյատիվ»: Այս փաստն ինքնին հակասում է «կայունության» մասին բարձրաձայնված գնահատականներին. եթե երկիրը իսկապես ամուր ու կանխատեսելի տնտեսական միջավայր ունենար, դա արտահայտված կլիներ ավելի բարձր՝ «ներդրումային» վարկանիշով։

Հայաստանյան իրականության մեջ կան մի շարք գործոններ, որոնք անմիջականորեն ազդում են վարկանիշային գնահատականների վրա, և որոնց անտեսումը դժվար է «կայունությամբ» քողարկել։ Առաջին հերթին՝ անվտանգային միջավայրի շարունակական անորոշությունը, լարվածությունները և դրանցից բխող տնտեսական ռիսկերը, որոնք ներդրողների համար շարունակում են մնալ առանցքային մտահոգություն։ Երկրորդ՝ ինստիտուցիոնալ թուլությունները՝ դատական համակարգի նկատմամբ վստահության պակասը, իրավական կանխատեսելիության խնդիրները, ընտրովի արդարադատության մասին պարբերաբար հնչող մեղադրանքները։

Երրորդ՝ տնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ արտաքին գործոններից և սահմանափակ թվով ոլորտներից զգալի կախվածությունը, ինչը ցանկացած արտաքին ցնցում դարձնում է համակարգային ռիսկ։ Վերջապես, պետական կառավարման արդյունավետության հարցերը՝ հաճախ փոփոխվող քաղաքական ուղերձները, չկայացած երկարաժամկետ ռազմավարությունները և պատասխանատվության հստակ մեխանիզմների բացակայությունը։ Այս բոլոր հանգամանքները ոչ միայն զսպում են վարկանիշի աճը, այլ նաև բացատրում են, թե ինչու է անփոփոխ մնացած ցուցանիշը ներկայացվում որպես հաջողություն։

Արդյունքում ստացվում է, որ 2018-ից հետո ձևավորված իշխանության ավելի քան յոթ տարվա գործունեությունը հանգեցրել է ընդամենը մեկ աստիճանի բարելավման՝ առանց համակարգային առաջընթացի։ Սա խոսում է այն մասին, որ իրականացված «բարեփոխումները» չեն ստեղծել ո’չ վստահելի ինստիտուցիոնալ հիմք, ո’չ էլ անվտանգային և տնտեսական այնպիսի միջավայր, որը կարող էր իրականում բարձրացնել երկրի վարկային հեղինակությունը։

Այս համատեքստում հատկապես խոսուն է ՀՀ կառավարության մոտեցումը․որպես ձեռքբերում ներկայացվում է ոչ թե առաջընթացը, այլ՝ վատթարացումից խուսափելը։ Երբ տարիներ շարունակ երկիրը մնում է նույն «սպեկուլյատիվ» մակարդակում, «կայունությունը» ավելի շուտ հիշեցնում է տեղում դոփել, քան զարգացում։ Եվ այստեղ բնական հարց է ծագում. եթե սա որպես հաջողություն է ներկայացվում, ապա ինչպե՞ս բնութագրել լճացումը կամ հետընթացը։

Հեղինակ՝ Արմինե Վարդանյան

Աղբյուր՝ 168․am