Սամսոնյանն ու Սաղաթելյանն ամուր կանգնած են իրենց սկզբուքներում. ռեժիմը օրինական ձևով հեռացվելու է
AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանն այսօր ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ, որում ասվում էր․
«Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Այս ամբիոնից ես չեմ պատրաստվում դիմել գործող վարչախմբին, որովհետև գործող վարչախմբի պարագայում ամեն ինչ պարզ է։ Վարչախմբից սպասել արդարադատության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության, սահմանադրության կետերի իրականացման՝ դա նման է նրան, որ բանական մարդը Իլհամ Ալիևից սպասի հայատյացության և հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության դադարեցման։
Ես դիմում եմ ձեզ մեզ դիտող սիրելի հայրենակիցներ։
2018թ․ իշխազավթման համատեքստում, հրապարակներում մոլորված քաղաքացիներին ի թիվս այլ չիրականացված խոստումների՝ խոստանում էին ժողովրդավարական արժեքների պահպանում, մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և այլն։
Եվ այս համատեքստում ես հարց եմ հղում այս պահին մեզ դիտող հազարավոր մեր քաղաքացիներին։ Սիրելի հայրենակիցներ՝ հարց տվեք ինքներդ ձեզ, արդյո՞ք այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունների օրոք, արդյո՞ք պահպանվել են երկրում ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները։ Վստահաբար ոչ։ Մերկապարանոց չթվալու համար մատնանշեմ բռնաճնշումների հարյուրավոր օրինակներից մեկը՝ ամենաթարմը։
Ընդամենը օրեր առաջ վարչախմբի կողմից մամուլի և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների համատեքստում ձերբակալվեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Խուզարկության ենթարկվեց Անտիֆեյքի խմբագրությունը, առգրավվեց ողջ տեխնիկան և ըստ էության պարալիզացվեց մեդիայի գործունեությունը։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեցին խուլիգանության շինծու մեղադրանքով, այն անձնավորության հաղորդման հիման վրա, ով ինքն էր քաղաքի կենտրոնում տարիներ առաջ մարդու վրա թքել։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դասական քաղաքական բանտարկյալներ են, որոնց միակ «մեղավորությունը» կայանում է նրանում, որ չեն հանդուրժել, չեն հանդուրժում և չեն հանդուրժելու վարչախմբի կողմից իրականացվող աղետալի քաղաքականությունը։ Նրանք չեն հանդուրժել, չեն հանդուրժում և չեն հանդուրժելու, վարչախմբի կողմից իրականացվող հայրենավաճառությունը, ազգային արժեքների ուրացումը, ժողովրդավարական արժեքների ոչնչացումը և ամուր կերպով սեփական սկզբունքների ակունքներով։
Սիրելի հայրենակիցներ, հարկ է եվս մեկ կարևոր հանգամանք ֆիքսել։ Սա Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի երկրորդ կալանավորումն է նույնատիպ շինծու քրեական հոդվածով։ Ակներև է նաև, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը, ոչ միայն իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է, այլև եկող տարի կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ վարկանիշային և լեգիտիմության հստակ անկում ունեցող վարչախմբի կողմից ընդդիմադիր ԶԼՄ-ները լռեցնելու դասական փորձ, որը բնականաբար նրանց չի հաջողվելու։
Այսօր Հայաստանում վարչախմբի կողմից կոշտ ավտորիտարիզմի կառավարման համատեքստում տարբեր տյվալներով առկա են մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ՝ Մասիսի համայնքապետ, Դավիթ Համբարձումյան, ազգային բարերար Սամվել Կարապետյան և տասյնակ այլ անձիք, ովքեր դեմ են ռեժիմի կողմից իրակնաացվող քաղաքականությանը։ Այս ասպեկտում պետք է ֆիքսել, որ այսօր հալածվում են, ոչ միայն քաղաքական գործիչներ, ընդդիմադիր մեդիագործիչներ, ազգային բարերարներ, այլ հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Կալանքի տակ են Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, իսկ Մայր Աթոռը հետևողական կերպով ենթարկվում է վարչախմբի քաղաքական-քարոզչական հարձակումներին։
Սիրելի հայրենակից, որ այժմ դիտում ես մեզ, որ խաբվել ես, մոլորվել ես 2018-ին։ Այսօր այս 7 տարիների ընթացքում՝ սրանք քո աչքի առաջ հանձնել են Արցախը։ Քո աչքի առաջ հանձնել են Տավուշի գյուղերը։ Քո աչքի առաջ հանձնել են Սև լճից տարածքներ։ Քո աչքի առաջ թշնամին հասել է Ջերմուկի անտառներ։ Քո աչքի առաջ ձերբակալվում են ընդդիմադիր մեդիայի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ազգային բարերարներ, բարձրաստիճան հոգևորականներ։ Քո աչքի առաջ վարչախումբը դրսում սողում է թշնամիների առջև կատարելով նրանց բոլոր պահանջները, իսկ ներսում իրեն երևակայում է «ուժեղ տղա» և փորձում գեստապոյական ռեժիմ կառուցել; Հարց եմ տալիս, մեզ դիտող սիրելի քաղաքացի, արդյո՞ք դու այսպիսի ներկա և ապագա ես ցանկանում ունենալ, քո և քո երեխաների համար։
Վստահաբար ոչ։
Եվ հետևաբար ես կոչ եմ անում ձեզ սիրելի քաղաքացիներ մի լռեք երկրում տեղի ունեցող ապօրինությունների խայտառակ բռնաճնշումների համատեքստում։ Բարձրաձայնեք ձեր ձայնը, ձեր բողոքը ընդդեմ փաշինյանական վարչախմբի կամայականությունների։ Մի վախեցեք բռնաճնշումներից և հիշեք, որ սրանք ավելի ուժեղ տղա չեն քան Պինոչետը, Իդի Ամինը, Պոլ Պոտը, Միլոշևիչը և այլոք։ Եվ վստահաբար սարերի հետևում չէ այն բաղձալի օրը երբ հայ ժողովուրդը համախբված կերպով օրինական զանգվածային պայքարով, կհեռացնի այս վարչախմբին, իսկ պատմության այս շրջափուլն էլ կմնա լոկ մղձավանջային հիշողություն։
Սիրելի հայրենակիցներ ձեզ ուղղված ելույթս կցանկանամ ավարտել մեջբերելով՝ գերմանացի փիլիոսոփա, հոգևորական և գեստապոյական ռեժիմի հակառակորդ Մարտին Նիմյոլլերի հայտնի խոսքերը․
«Սկզբում նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես լռեցի, որովհետև ես սոցիալիստ չէի։
Այնուհետև նրանք եկան արհմիության անդամների հետևից, և ես լռեցի, քանի որ ես արհմիության անդամ չէի։
Այնուհետև նրանք եկան հրեաների հետևից, և ես լռեցի, քանի որ ես հրեա չէի։
Այնուհետև նրանք եկան իմ հետևից, և ոչ ոք չէր մնացել, որ խոսեր ինձ համար»։
Ազատություն Նարեկին, Վազգենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին