Երևի համարել են, որ խուլիգան շտատիվներ են ու տարել են․ Աստղիկ Մաթևոսյանը՝ առգրավված տեխնիկայի մասին
««Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 23 օր գտնվում են անազատության մեջ։ Մենք AntiFake-ի թիմով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի դեսպանատները, միջազգային կազմակերպությունները պատշաճ կերպով տեղյակ լինեն Հայաստանում կատարվող ապօրինությունների մասին»,-ԵՄ պատվիրակության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Նա ընդգծեց, այս ընթացքում ոչ միայն Սամսոնյանն ու Սաղաթելյանն են գտնվում կալանքի տակ, այլև խոչընդոտվել է AntiFake.am-ի գործունեությունը, քանի որ ԱԱԾ աշխատակիցների կողմից առգրավվել էր խմբագրության ողջ տեխնիկան։
«Մենք դրանում դիտավորություն ենք տեսնում՝ Հայաստանում գործող ԶԼՄ-ի գործունեությունը դադարեցնելու առումով։ Ինչպես գիտեք, ի պատիվ մեր աջակիցների կարճ ժամանակում կարողացանք որոշակի տեխնիկա ձեռք բերել ու շարունակել մեր աշխատանքը»,-ասաց խմբագիրը։
Նա հիշեցրեց, որ խմբագրությունից տարել են ոչ միայն համակարգիչներ, ինֆորմացիայի կրիչներ, այլև տեսախցիկների շտատիվներ։
«Կարո՞ղ եք ասել, թե ինչ տեղեղեկատվություն կարող են պարունակել դրանք։ Կամ գուցե համարել են, որ խուլիգան շտատիվներ են, դրանց էլ ձերբակալեն մի քանի օրով։ Իհարկե, որևէ բան հնարավոր չէ գտնել այդ տեխնիկայի մեջ, դրա համար եմ ասում, որ դիտավորություն է։ 9 շտատիվ են տարել խմբագրությունից։ Տարել են նաև փչացած տեխնիկա, տարել են կազմակերպության անվտանգության նպատակով աշխատող տեսախցիկների DVR-ը՝ մեզ զրկելով մեր անվտանգությանը հետևելու հնարավորությունից»,-ասաց նա։
Ա. Մաթևոսյանը հիշեցրեց, որ թիմով ակցիա են իրականացրել ԱՄՆ դեսպանատան դիմաց, փոխանցել են Սամսոնյանի կնոջ ուղերձը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել։Այսօր նույն նպատակով են ԵՄ դեսպանության շենքի դիմաց։