Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթությունները․ Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։
Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ հընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։
Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին»։
Աղբյուր՝ AntiFake.am