Բեռնում...
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները
02-10-2026 19:08 | Լուրեր

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է Ուկրաինայի դեմ օդային հարձակումների ժամանակ գործող սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Financial Times-ի հետ զրույցում։

Հոկտեմբերի 1-ին գտնվելով անօդաչու թռչող սարքի հարձակման ենթարկված դպրոցի ապաստարանում՝ Զելենսկին FT-ի թղթակցին հայտնել է. «Նա (խմբ.՝ Պուտինը) ասել է, որ այժմ կանոններ չկան»։

Զելենսկու պնդմամբ՝ Պուտինը նման հրաման է տվել սեպտեմբերին, երբ Ռուսաստանը սկսեց ուժեղացնել հարձակումները Կիևի ուղղությամբ։ Զելենսկին նշել է, որ Մոսկվան պատրաստվում է ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի խոշորագույն քաղաքների՝ Կիևի, Խարկովի և Օդեսայի ուղղությամբ։

Վկայակոչելով Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին, հրատարակությունը գրում է, որ «Ռուսաստանի ծրագրերում է նաև Լվովը»։

«Ուկրաինացի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Մոսկվան մտադիր է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին», — ասվում է Financial Times-ի հոդվածում։

Հրատարակությունը չի մանրամասնում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։

Իր հերթին The New York Times-ը, նույնպես վկայակոչելով իր աղբյուրներին, օրերս հայտնել էր, որ Ռուսաստանը, ենթադրաբար, մտադիր է հասնել Ուկրաինայի գործող երեք ատոմակայանների աշխատանքի դադարեցմանը՝ հրթիռային հարվածներ հասցնելով բաց բաշխիչ սարքերին, որոնք կայանները միացնում են էլեկտրացանցին։

«Մոսկվայի ռազմավարության մաս է նաև դեպի ԵՄ փախստականների նոր հոսքի ձևավորումը», - նույնպես պնդում է Financial Times-ը։

«Ռուսական այս արշավը պատասխանն է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին և պահեստներին հասցրած հարվածներին։ Այդ հարձակումները վառելիքի պակաս են առաջացրել և մեծացրել են ռուսական քաղաքներում ու հանգստավայրերում անպաշտպանության զգացումը», - գրում է հրատարակությունը։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Կիևը և մյուս քաղաքները պատրաստվում են խիստ ձմռանը՝ հակաօդային պաշտպանության միջոցների պակասի պայմաններում։