Բեռնում...
Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
02-09-2026 12:36 | Մամուլի տեսություն

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակ է հռչակել, պետության ժողովրդագրական քաղաքականության ամենակարևոր շահառուներից մեկը՝ մայրանալու պատրաստվող կինը, հայտնվում է բյուրոկրատական խնդիրների առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է բազմաթիվ դժգոհություններ մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ուշացումների վերաբերյալ։ Քաղաքացիների դժգոհություններին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան մեր հարցումների, պարզաբանել է, թե հակադարձում է՝ խնդիրը շատ դեպքերում ոչ թե ուշացումն է, այլ նպաստի իրավունքի բացակայությունը։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացիները ստացել էին նպաստը, բայց ամիսների ուշացումներով։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցը շատ պարզ էր․ մայրության նպաստները, որոնց հաշվարկն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ վճարումը՝ ՀՀ ՊԵԿ-ը, ուշացումների պատճառներն ու հաշվարկի մեթոդները ի՞նչ տրամաբանական և օրենսդրական հիմքեր ունեն։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիների դիմումների մեծ մասի ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում։ Մայրության նպաստների դեպքում ևս կան սահմանափակումներ։ Նախարարության փոխանցմամբ՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը նպաստ չի կարող ստանալ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում օրենքով նախատեսված դեպքերում չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությունը կամ ունի չկատարված հարկային պարտավորություններ։ Սակայն նախարարության պատասխանը մի կարևոր հարց բաց է թողնում՝ իսկ նպաստի իրավունք ունեցող քաղաքացիների վճարումների ուշացումների քանի՞ դեպք է արձանագրվել և ինչո՞վ են դրանք պայմանավորված։

Գերատեսչությունը չի ներկայացրել նաև, թե դիմումների ընդհանուր թվից քանիսն են վերաբերում իրական ուշացումներին, քանիսը՝ նպաստի իրավունքի բացակայությանը, և միջինում որքան ժամանակ է պահանջվում նպաստի հաշվարկից մինչև գումարի փոխանցումը։

Այսպիսով, քաղաքացիների բարձրաձայնած՝ «ինչո՞ւ է մայրության նպաստը ուշանում» հարցի փոխարեն Սոցապը հիմնականում ներկայացնում է՝ «ինչո՞ւ որոշ քաղաքացիներ նպաստ չեն ստանում» պատասխանը։ Իսկ այն հարցը, թե արդյոք համակարգում կան վարչարարական կամ տեխնիկական խնդիրներ, որոնք ձգձգում են օրինական շահառուների վճարումները, շարունակում է մնալ չպարզաբանված։

Պետության առաջնահերթությունների այս հակադրությունն առավել քան ուշագրավ է․ մի կողմից՝ պետական համակարգում աշխատողներին խոշոր պարգևավճարներ են հատկացվում, իսկ վարչապետի մասնակցությամբ հեծանվավազքի ծրագրին ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվում է շուրջ 2 մլն դոլարի դրամաշնորհ, մյուս կողմից՝ երեխա ունենալու և ընտանիքը համալրելու փուլում գտնվող քաղաքացիների համար նախատեսված մայրության նպաստների վճարումը կարող է ձգձգվել կամ ընդհանրապես չիրականացվել։ Ստացվում է՝ պետությունը միլիոններ է գտնում միջոցառումների և պարգևատրումների համար, բայց սոցիալական ու ժողովրդագրական նշանակություն ունեցող մայրության նպաստների հարցում քաղաքացիներին թողնում է սպասման մեջ։

Սա առավել ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հռչակած նպատակի ֆոնին․ ժողովրդագրական աճը միայն հայտարարություններով խթանել հնարավոր չէ, եթե պետության կողմից մայրությանն ուղղված սոցիալական աջակցությունը ժամանակին և հասանելի չի լինում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում