Առաջնորդները, որոնք չեն ժառանգում պետությունը, այլ յուրացնում են այն հեղափոխական կամ քայքայիչ մեխանիզմներով, տառապում են լեգիտիմության ներհոգեբանական բարդույթով. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե փաստեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գոյություն ունի յուրաքանչյուր հանրային թեմա, որն առկա է օրվա դիսկուրսում, լինի իր «կոնտռոլի» տակ, ավելին, ցանկացած առիթով արձագանքի տվյալ դրվագին։ Նա մշտապես ձգտում է լինել հանրային ուշադրության կենտրոնում, վերածվել օրակարգ թելադրող միակ նյուզմեյքերի։
Այս փաստը ո՛չ թե անձնական քմահաճություն է, ո՛չ էլ պարզապես ժամանակակից մեդիայի ազդեցության հետևանք, այլ իշխանական բարդույթի խորքային դրսևորում է, որը պատմության մեջ բազմիցս բնորոշ է եղել այն ղեկավարներին, որոնց իշխանությունը չի ծնվել պետության ավանդական շարունակականությունից, այլ՝ պետության հետ անիջական կապի ընդհատման հետևանքով, կամ որ նույնն է, հին համակարգի մերժման պատժառով: Այսինքն` իշխանության կապը ընդհատվում է:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ այն առաջնորդները, որոնք չեն ժառանգում պետությունը, այլ յուրացնում են այն հեղափոխական կամ քայքայիչ մեխանիզմներով, մշտապես տառապում են լեգիտիմության ներհոգեբանական բարդույթով։ Այդ պակասն էլ ստիպում է նրանց փոխարինել պետական ինստիտուտները սեփական խոսքով, կերպարով և մշտական ներկայությամբ․ նրանք փորձում են մշտապես խոսել, լինել «հասարակ», մարդկանց հետ անմիջական շփումների մեջ (հիշենք կառավարության ձանձրալի ու գաղջ նիստերը, որտեղ Փաշինյանն անընդմեջ խոսում է միջինը 40-43 րոպե)։
Ասվածի դասական օրինակներից է Ռոբեսպիերը՝ Ֆրանսիական հեղափոխության շրջանում։ Վերջինս ստիպված էր ամեն օր խոսել, արդարանալ, մեղադրել ու սահմանել «ժողովրդի թշնամիների» շրջանակը, որովհետև հեղափոխական իշխանությունը չուներ կայուն պետական հենարան։ Լռությունը նրա համար հավասար էր քաղաքական մահվան։ Այդ պատճառով էլ խոսքը դարձավ ոչ թե քաղաքական գործիք, այլ զուտ իշխանության ինքնապահպանման միջոց։
Նմանատիպ բարդույթով էր տառապում նաև Մուսոլինին, ով չէր վստահում իտալական պետական ինստիտուտներին և իրեն պատկերացնում էր որպես ժողովրդի կենդանի մարմնացում։ Նա չէր կառավարում լռությամբ կամ համակարգով, այլ՝ ելույթներով, ժեստերով, մշտական հրապարակային ներկայությամբ։ Պետությունը նրա մոտ երկրորդական էր, իսկ առաջնորդի կերպարը՝ առաջնային։
Խորհրդային պատմության մեջ նույն սինդրոմն ուներ Խրուշչովը, ով, չունենալով Ստալինի ծանր պետական ժառանգությունը և վախենալով համակարգի ներսում մրցակիցներից, իշխանությունը պահում էր անդադար խոսելով, աղմկելով, ցուցադրաբար միջամտելով ամեն մանրուքի։ Դա ոչ թե ուժի, այլ ներքին անապահովության նշան էր։
Նիկոլ Փաշինյանի դեպքում գործ ունենք հենց այս նույն օրինաչափության հետ։ Նրա իշխանությունը չի հենվում ինստիտուցիոնալ մեխանիզմների ու պետականության վրա, այլ՝ մշտական հանրային կապի պատրանքի՝ իլյուզիաների։ Այդ պատճառով նա ստիպված է ամեն օր լինել շարժի մեջ (մարզային անհասկանալի այցերը), մեկնաբանել ամեն ինչ (այնպիսի տպավորություն է, որ նա գլուխ է հանում պետական բոլոր ոլորտներին), սա այն դեպքում, երբ պետական գործը պահանջում է գլխիկոր աշխատանք և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, որը սրանց դեպքում բնականաբար բացակայում է։
Ըստ էության, այն պարագայում, երբ պետության ղեկավարը վախենում է լուռ, հանգիստ գործունեությունից, դա նշանակում է, որ նա վստահ չէ ոչ իր ստեղծած համակարգին, ոչ էլ իր թողած ժառանգությանը։ Այդպիսի իշխանությունը գոյատևում է այնքան ժամանակ, որքան կա ուշադրություն․ այստեղ ուղղակի արձանագրեմ, որ ուշադրությունը, ի տարբերություն պետության, պատմական արժեք չէ»։