Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով լրացուցիչ գույքային պահանջի մասով, Ռուդոլֆ Ավագյանը որոշում կկայացնի վերջնական դատական ակտով
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Այսօրվա նիստում ավարտվեց պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը՝ Ռուբեն Հայրապետյանից եւ նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա՝ դատախազության կողմից լրացված գույքի մասով վաղեմության ժամկետ կիրառելու մասին։ Դատավորը հայտարարեց, որ այս մասով առանձին որոշում չի կայացնի։ Որոշումը կներառվի վերջնական դատական ակտում։
Պաշտպանական կողմի պնդմամբ, բռնագանձվող գույքի համալրումը ինքնին նոր հայցապահանջ է, ուստի, ըստ էության, նոր հայց է ներկայացրել դատախազությունը, հետևաբար հայցային վաղեմության կանոններով պետք է դրան գնահատական տրվի:
Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո, դատախազությունն այս գործով էապես փոփոխեց իր հայցը՝ համապատասխանեցնելով այն սահմանադրական դատարանի որոշմանը եւ համալրելով հիմքը նաեւ այն հանգամանքով, որ Ռուբեն Հայրապետյանը 1996 թվականին եղել է Ավանի թաղապետ։ Նաեւ համալրվեց բռնագանձման գույքերի ցանկը։ Պատասխանող կողմն ի սկզբանե առարկում է։ Դատարանը թույլատրեց լրացումները։ Պաշտպանական կողմը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, քանի որ օրենքի համաձայն, եռամյա ժամկետ է սահմանվում ուսումնասիրություն կատարելու հայց ներկայացնելու համար: Տվյալ դեպքում, պաշտպանական կողմի պնդմամբ, սկզբնական հայցը ներկայացվել էր ժամկետի վերջին օրը․ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվել էր ուսումնասիրությունը, եռամյա ժամկետը լրացել էր 2023-ի հոկտեմբերի 9-ին հայցադիմումը ներկայացվել էր դատարան։ Այսինքն, դրանից հետո հայցապահանջը ավելացնել, այլևս հնարավոր չէ։