Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում ,որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։
Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։ Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։ Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում,բայց օժանդակությունը հիշում են քչերը։ Չգիտես ինչու՞ ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում, թե ի՞նչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։
Քանի որ իրենք լռում են,ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին,հիմա եւս մեկ անգամ հիշեցնեմ։
2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը,խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին,ասել է մեզ այդ օրը, որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչեւ Տեղ եւ Սոթք, որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։ Ըստ նրա,ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։ Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն, որ թուրքերը չմտնեն Հայաստան։ Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում,քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից»։
Աղբյուր՝ AntiFake.am