Բեռնում...
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»
25-02-2026 11:34 | Մամուլի տեսություն

Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։

Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի քաղաքային վարչության պարեկապահակային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը, որոնք արդեն ներգրավվել են գործում, էլի լինելու՞ են նոր մեղադրյալներ, Նահապետյանը դրական պատասխան էր տվել՝ նշելով, որ հանրությունը սահմանված կարգով կտեղեկացվի։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործով արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին։ Վերջիններս, իհարկե, առաջադրված մեղադրանքը չեն ընդունում՝ համարելով շինծու»։